«Պահապան» Զարգացման հիմնադրամ

Շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն, Գրանցման տարեթիվ. 2016: «Պահապան զարգացման հիմնադրամ» կազմակերպությունը իր շուրջն է միավորում տնտեսական, սոցիալական և հոգևոր-մշակութային ոլորտում մի խումբ ակտիվ գործող մարդկանց, որոնք պատրաստ են ներդնել իրենց ժամանակն ու կարողությունները, որպեսզի կատարվի մեր երազանքն ու առաքելությունը:

ԻՆՉՈՒ՞ ՏԱՎՈՒՇ

Տավուշը Հայաստանի առավել վտանգված և խոցելի շրջաններից է, որում ցանկանում ենք նպաստել հոգևոր, մշակութային, կրթական և տնտեսական զարգացմանը, ստեղծել աշխատատեղեր և կանխել արտագաղթը` վերարթնացնելով հայ ժողովրդի հույսն ու հավատը առ հայրենիք: Այն միավորում է շուրջ 44 համայնքները և 4 քաղաք, ուր բնակվում է մոտ 128,609 մարդ, որից մոտ 35 000-ը երեխաներ են: Գտնվելով Ադրբեջանի հետ սահմանային գոտում` Տավուշի մարզի թվով շուրջ 23 համայքները պարբերաբար ենթարկվում են գնդակոծության: Այստեղ երեխաները աղքատության և սոցիալական ծառայությունների սակավության պատճառով զրկվում են կրթական, հոգևոր, զարգացնող միջոցառումներին մասնակցելու հնարավորություններից: Նրանցից շատերը չեն հաճախում դպրոց՝ համապատասխան հագուստ և գրենական պիտույքներ չունենալու պատճառով: Ստիպված են լինում մնալ տանը և օգնել ծնողներին՝ կատարելով ծանր ֆիզիկական աշխատանք, ինչը խոչընդոտում է նրանց հոգևոր և ֆիզիկական զարգացմանը: Երիտասարդների համար ևս դժվար է Տավուշում, քանի որ շատ քիչ են աշխատատեղերը, բացակայում են ժամանցի և զարգացման կենտրոնները: Այս ամենը խթանում է արտագաղթը՝ մեծ հարցականի տակ դնելով երկրի անվտանգությունը:

Մեր նպատակները

  • Աջակցել ՀՀ մարզերի և սահմանային շրջանների զարգացմանը՝ իրականացնելով ծրագրեր սոցիալ- տնտեսական, կրթա-մշակութային, առողջապահական ոլորտներում,
  • խթանել զբաղվածությունը և երիտասարդների ներգրավումը սահմանային շրջանների սոցիալական և տնտեսական կյանքի մեջ,
  • նպաստել երեխաների տնտեսապես եւ սոցիալապես ապահով միջավայրի ստեղծմանն ընտանիքներում և համայնքներում, նրանց լիարժեք ֆիզիկական ու հոգեւոր շարունակական առաջընթացի համար,
  • աջակցել մարզերում հոգևոր-մշակութային միջավայրի և դրա հետ կապված տուրիզմի ոլորտի զարգացմանը: