Համազգային հանգանակություն՝ հանուն սահմանային խաղաթաքստոցների

%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%9d-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b6

Համազգային հանգանակություն՝ հանուն սահմանային խաղաթաքստոցների

Հայաստանի հյուսիսարեւելյան Տավուշի մարզն Ադրբեջանի հետ ունի մոտ 350 կմ երկարությամբ սահման։ Որոշ գյուղեր գտնվում են ադրբեջանական դիրքերից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորություն վրա, երբեմն հակառակորդի գնդակոծությունն ուղղվում է անմիջապես դպրոցներին եւ մանկապարտեզներին։

Ապրիլի 25-ին ԱԻՆ-ի եւ «Պահապան» զարգացման հիմնադրամի միջեւ ստորագրվեցհուշագիր, որի շրջանակում կվերանորոգվեն Տավուշի մարզի դպրոցների ու մանկապարտեզների տարածքում գտնվող թաքստոցները: Ծրագրերի մանրամասների շուրջ Banks.am-ը զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանի հետ։ 

«Պահապան»

«Պահապան» զարգացման հիմնադրամի անդամներին 2016թ. միավորել է նույն գաղափարը՝ պահապան կանգնել երկրին եւ ամրապնդել սահմանները՝ սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով։ Սկսել են ամենախոցելի մարզից՝ Տավուշից։

«Տավուշը մեր երկրի դարպասն է եւ այս պահին ամենախոցելին է թե՛ միգրացիայի, թե՛ բնակչության ապրելակերպի, թե՛ նրանց ֆիզիկական եւ հոգեւոր անվտանգության տեսանկյունից»,- Banks.am– ի հետ զրույցում ասում է հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանը։

Անմիջապես համագործակցություն է սկսվել Տավուշի հոգեւոր թեմի հետ՝ Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, որն արդեն մարզում սոցիալական եւ հոգեւոր ծրագրեր էր իրականացնում։

Առաջին համատեղ քայլերն ուղղվել են սոցիալական, կրթական, ցերեկային խնամքի կենտրոններ ստեղծելուն։ Արդյունքում մարզում բացվել է ցերեկային խնամքի երկու կենտրոն, որտեղ երեխաները դպրոցից հետո կարող են ստանալ զարգացման հնարավորություն, սնունդ, հոգեւոր խնամք։

Ապրիլից հետո

2016թ. ապրիլյան պատերազմը հիմնադրամի առաջ նոր մարտահրավեր է դնում՝ տավուշցիների ֆիզիկական անվտանգության հարցը։ Որքանո՞վ են պաշտպանված սահմանային գյուղերը հարձակման դեպքում, եւ առավել եւս, որքանո՞վ են պաշտպանված երեխաները…

«Երբ կրակոցներ են լինում, սովորաբար երեխաները դուրս են գալիս եւ որոշակի ճանապարհ կտրելով՝ վազում են իրենց տները, ինչը չափազանց վտանգավոր է,- ասում է Ինգա Հարությունյանը՝ հավելելով, որ դեպքեր են եղել անգամ, երբ ադրբեջանական կողմը կրակ է բացել դպրոցից տարհանվող երեխաների ուղղությամբ։

Նրա խոսքով՝ Տավուշի մարզի առնվազն 15 գյուղ շաբաթական մի քանի անգամ կրակոցների է ենթարկվում, իսկ որոշ համայնքներում դպրոցներն ու մանկապարտեզները գտնվում են անմիջապես հակառակորդի նշանառության տակ։ Հետեւաբար, խնդիր է առաջացել ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի երեխաները կարողանան վտանգի ժամանակ պատսպարվել դպրոցների եւ մանկապարտեզների ներսում։

Նախատիպ. առաջին խաղաթաքստոցը

Հիմնադրամի կողմից առաջին խաղաթաքստոցը կառուցվել է մարզի ամենավտանգված գյուղերից մեկում՝ Ներքին Կարմիրաղբյուրում։ «Նախաձեռնեցինք եւ մանկապարտեզի ներսում կառուցեցինք մոդելային թաքստոց»,- պատմում է մեր զրուցակիցը՝ ցավով նշելով, որ մանկապարտեզը չունի ստորգետնյա կացարան, ուստի խաղաթաքստոցը կառուցվել է վերգետնյա տարածքում։

Թաքստոցը կառուցվել է հիմնադրամի անդամների անձնական միջոցներով, ԱԻՆ-ի՝ պարզագույն թաքստոցի ստանդարտներին համապատասխան. շենքը ամրապնդվել է, տարածքը կահավորվել։

«Մենք ցույց տվեցինք, որ առաջին քայլն արված է, որ կա երկարաժամկետ ծրագրի տրամադրվածություն, որ անկախ ամեն ինչից, մենք միջոցներ հայթայթելու ենք»,- ասում է Ինգա Հարությունյանը։

15 համայնք, 15 թաքստոց

Առաջիկա երկու տարում հիմնադրամը նախատեսում է մարզի 15 ամենախոցելի համայնքներում կառուցել 15 թաքստոց. թիրախային համայնքների ընտրությունը վստահվել է ԱԻՆ-ին։

«Այս պահին ԱԻՆ-ը Տավուշի մարզում ապաստարանների քարտեզագրում է անում, երբ այդ տվյալները պատրաստ լինեն, համատեղ կորոշվի յուրաքանչյուր հաջորդ համայնքը»,- ասում է նախաձեռնության հեղինակը։

Առաջնահերթությունը կտրվի այն համայնքներին, որոնք գտնվում են ադրբեջանական սահմանից մինչեւ 5 կմ հեռավորության վրա։ Կառանձնացվեն նաեւ այն դպրոցներն ու մանկապարտեզները, որոնք գտնվում են անմիջապես կրակոցների տակ, ինչպես նաեւ համայնքները, որոնք ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն եւ հանգուցային կետեր են։

«Ի վերջո, հասնելու ենք նրան, որ բոլոր վտանգված գյուղերը, իսկ դրանք 15-ը չեն, այլ 23-ը, մանկապարտեզներում ու դպրոցներում ունենան թաքստոցներ»,- ասում է Ինգա Հարությունյանը՝ հավելելով, որ այս փուլում իրենց ուշադրությունից դուրս կմնան այն համայնքները, որտեղ այլ դոնորների կողմից որոշակի ներդրումներ արդեն կատարվում են։

Համազգային հանգանակություն

Ըստ հաշվարկների՝ մեկ ստորգետնյա թաքստոցի նորոգման եւ կահավորման համար կպահանջվի $4000-ին համարժեք դրամ։

Ֆոնդհայթայթման համար յուրօրինակ ձեւ են գտել։ Հիմնադրամի կայքում հանգանակություն կատարելուց բացի, առաջարկվում է Երեւանի մի շարք սրճարաններում եւ ռեստորաններում վճարել 200 դրամ հավելավճար, որն էլ ամբողջությամբ կուղղվի թաքստոցների կառուցմանը։

«Որոշեցինք այսպես կոչված «համազգային հանգանակությունների» հարթակ ստեղծել, որպեսզի ամեն մեկը ցանկության դեպքում կարողանա մասնակցել,- պատմում է Ինգա Հարությունյանը։ -Երեւանի սրճարան-ռեստորանների ցանց ստեղծեցինք, այս պահի դրությամբ՝ մոտ 20 հաստատություն, որոնք պատրաստ են իրենց տարածքը տրամադրել որպես ֆոնդհայթայթման հարթակ»:

Ցանցում ներկայում ներառված են Սեգաֆրեդո, Սինաբոն, Սքուեր Ուան, Գրին Բին, Մոլինարի, Էդեն, Զեյթունա, Հեմինգուեյ, Արտբրիջ, Տոսպիա, Թումանյանի խինկալիանոց, Պապարացցի, Իմպրեսո, Բարկոդ սրճարան-ռեստորանները: Ակնկալվում է, որ նախագծի հաջողության դեպքում վերջիններիս թիվը կհասնի 50-ի։

«Ուզում ենք նաեւ ցույց տալ, որ Հայաստանում ունենք սոցիալապես պատասխանատու բիզնես, մարդիկ, որոնք ոչ միայն գումար են աշխատում, այլեւ պատրաստ են աջակցել սոցիալական ծրագրերին։ Ուզում ենք ցույց տալ, որ հասարակության, պետության եւ մասնավորի շահերը կարող են համընկնել, եւ ամենակարեւորը, ուզում ենք ցույց տալ, որ հասարակությունը կարող է համախմբվել եւ մի գործի լծվելով՝ ինչ-որ մի հարց լուծել»,- ասում է Ինգա Հարությունյանը։

Նրա խոսքով՝ հանգանակված գումարի 90%-ն ուղղվելու է հենց թաքստոցների կառուցմանը, ադմինիստրատիվ ծախսերը կկազմեն ընդամենը 10%։ Ավելին, շինարարության կապալառուն կլինի հենց համայնքը, կօգտագործվի տեղի աշխատուժը, շինանյութը եւ կահավորանքը նույնպես ձեռք կբերվի մարզի տարածքից։

Երեւան-Տավուշ. առեւտրային կապ

Խաղաթաքստոցների կառուցման ծրագրում թեեւ առաջնային դրված է անվտանգության խնդիրը, այնուամենայնիվ, ծրագրի հեղինակները փորձում են զուգահեռ նպաստել համայնքների տնտեսական զարգացմանը։

Ինգա Հարությունյանը նկատում է, որ Տավուշը հարուստ է այնպիսի մթերքներով, որոնք Հայաստանի այլ շրջաններում չեն հանդիպում, մինչդեռ գյուղացիների եւ մանր արտադրողների համար լուրջ խնդիր է իրենց արտադրանքը Երեւանում իրացնելը։

Հետեւաբար, ռեստորանների եւ սրճարանների բազան «Պահապան» հիմնադրամը դիտարկվում է նաեւ որպես հարթակ՝ սահմանամերձ համայնքների բնամթերքի սպառման համար։

«Տավուշում աճեցնում են ձիթապտուղ, այնտեղ կան շատ հետաքրքիր հատապտուղներ, էկոլոգիապես մաքուր մուրաբաներ, չրեր եւ շատ հետաքրքիր մթերքներ, որոնք Հայաստանի այլ տեղերում չեն հանդիպում։ Դրա համար ուզում ենք այդ ռեստորանների միջոցով  Տավուշը ներկայացնել ոչ միայն որպես խոցելի տարածք, այլեւ հարուստ շրջան, որն ունի տնտեսական մեծ պոտենցիալ»,- եզրափակում է Ինգա Հարությունյանը։

Վիկտորյա Անդրեասյան